Դեսից-դենից

..նոթատետր..

Պատասխաններ ռուսներին

leave a comment »


Նոր վիրտուալ համայնքների հայտնի վտանգն է, որ իրականության մասին դատում ես դիմագրքային ընկերներով, որոնք սովորաբար համամիտ են քեզ հետ։ Բայց երբեմն հերիք է դուրս գաս «ֆեյսբուքյան» շրջապատից, որպեսզի պատկերը ոչ թե փոխվի, այլ ապշեցնի քեզ։Ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր ռուս բարեկամներիս մեծ մասը գերադասում է չխոսել քաղաքական թեմաներով՝ իրե՞նց են խնայում, ի՞նձ, թե՞ վախենում եմ նույնիսկ մտածել, վախենում են խոսելուց, չգիտեմ։ Գիտեմ, որ ռուսական սոցցանցերում մոլեգնող այլատյացությունը պարբերաբար ուղղվում է նաև հայերիս դեմ։ Կան նաև անմիջական մարդիկ, ովքեր մտածում են ինչպես բոլորը սոցցանցերում, բայց պատրաստ են «բացատրություններ» լսել։ Վերջերս մի ռուս բարեկամուհուց ստացած հարցերի փնջին որոշեցի ոչ միայն մասնավոր, այլև հրապարակային ձևով պատասխանել՝ նկատի ունենալով նաև, որ հայերից շատերն էլ նույն մտածելակերպով են աշխարհն ընկալում։

— Ասա, Վահրամ, արդյոք Հայաստանը սկսե՞լ է ավելի լավ ապրել Սովետական Միության փլուզումից հետո։

— Ոչ, ավելի լավ չի սկսել ապրել։ Բայց, լինելով անկախ, կարողացել է տանել վերջին հարյուրամյակների իր ամենամեծ հաղթանակներից մեկը՝ ազգային տեսանկյունից արժանապատիվ գոյություն ապահովել Արցախի հայրենակիցների համար։ Իսկ հայաստանցիներս հնարավորություն ենք ստացել ավելի լավ ապրելու և պետք է այն օգտագործելու ուժ ու կամք ունենանք՝ նաև սովետական տարիների որոշակի սոցիալական ապահովության ձեռքբերումները վերականգնելու միջոցով։

— Հայաստանում հալածել են այնտեղ ապրող ռուսներին՝ հարկադրելով սովորել իրենց լեզուն։ Ինչու՞ է Ռուսաստանում ապրում երեք միլիոն հայ, իսկ Հայաստանում երեք հազար ռուս էլ չկա։

— Հայաստանը եղել է ՍՍՀՄ ամենամիատարր հանրապետությունը, որտեղ ռուսներ շատ քիչ են եղել (և ինչու պետք է անպայման շատ լինեին ամենուր)։ Անկախությունից հետո նրանց ոչ ոք չի հալածել՝ մեկնել են, երբ երկիրը պատերազմում էր, ջեռուցում չկար, հոսանքը օրական 2-ժամյա էր, իսկ աշխատավարձերն էլ հավասար էին 10-15 դոլարի։ Հայերի թիվը ՌԴ-ում հասել է երեք միլիոնի որոշ օբյեկտիվ հանգամանքների, բայց նախ և առաջ ՀՀ վատ կառավարիչների պատճառով, որոնք ինքնավերարտադրվում են Մոսկվայի գործուն աջակցությամբ։ Ի դեպ, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Մյուս կողմից, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու է բնական պաշարներով այդքան հարուստ, տարածքով աշխարհում ամենամեծ երկրից՝ Ռուսաստանից ՍՍՀՄ փլուզումից հետո հեռացել հինգ միլիոն մարդ, ընդ որում, ըստ «Ռոսստատի», անցյալ տարի՝ ամենաշատը… Իսկ այն երկրի լեզուն սովորելը, որտեղ ապրում ես, հալածանք չէ, այլ քաղաքացու սովորական պարտականություն, անկախ նրանից դու ռուս ես, թե ամերիկացի։

— Եթե Հայաստանը որպես հանրապետություն լիներ Ռուսաստանի կազմում, ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կլիներ ձեր երկրի համար։

— Իսկ եթե Ռուսաստանը նահանգ լիներ ԱՄՆ-ի կազմում, ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կլիներ ձեր երկրի համար։ Երևի թե ճանապարհները վերջապես սարքվեին, չէ՞, բյուջեի թալանը վերանար, Մոսկվայից հեռու բնակավայրերում աշխատանքի օրավարձն ամերիկյան ժամավճարի մակարդակից մի փոքր բարձրանար… Շատերը մոռացել են, բայց 1988-ին մոսկովյան մեդիան ավելի մեծ եռանդով էր ցեխոտում արցախյան շարժումը, քան նույնիսկ այսօր՝ Մայդանը։ Իսկ Ադրբեջանի երբեմնի ղեկավար Այազ Մութալիբովն օրերս բացեիբաց պատմեց ՍՍՀՄ-ի վերջին ստորություններից մեկի մասին. թե ինչպես «Կոլցո» գործողության միջոցով սովետական զորքն ադրբեջանցիներին նվեր տվեց հազարամյա հայկական գյուղեր (Գետաշենը, Մարտունաշենը և այլն)` սպանելով ու գերեվարելով նրանց պաշտպաններին։Եվ դա հնարավոր է ամեն վայրկյան, իմ ռուս բարեկամուհի, երբ քո երկիրը կառավարվում է ինչ-որ հեռու տեղից, ուր հայտնի չէ, թե ով կլինի իշխանության գլուխ և ինչ շահերով կառաջնորդվի։

Written by vishap

Մայիսի 3, 2015 at 12:23

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: