Դեսից-դենից

..նոթատետր..

Հայ ազգայնականության թշվառությունը

leave a comment »


Խոսելով հայ ազգայանականության մասին, դժվար է խուսափել այլ ազգերի հետ համեմատություններից, ինչը հիմնականում նշանակում է համեմատություն անցյալի հետ: Սակայն մեզանում ավելի կարեւոր է առկա իրավիճակի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների եւ հայ ավանդական ազգայանականության վիճակի համադրումը, այդ խնդիրների պատկերացման, ընկալման գնահատումը:

Հասկանալի է, որ ազգայնական թեւը առավել պառակտվածն է հայ հասարակության մեջ, սակայն այդ պառակտվածությունը ոչ թե սկզբունքային գաղափարական տարբերություններում է, այլ կազմակերպչական եւ անձնական խնդիրների հետեւանք է: Ուստի որոշակի ընդհանրացումներ կարելի է անել` հենվելով աշխարհայացքային ընդհանրությունների վրա:

Այդ խմբերը միասնական են մի քանի առանցքային հարցերում. ավանդական (Նախամոդեռն) ընտանիք, ազատական ժողովրդավարության մերժում, եվրոպական` արեւմտյան քաղաքակրթության մերժում, հայկական ուրույն ճանապարհի պրպտումներ պահպանողականության հողի վրա: Զուտ ֆորմալ առումով այդ թեւը կարելի էր բնութագրել որպես աջ պահպանողական: Սակայն խնդիրն այն է, որ հայ «պահպանողական ազգայնականությունը» խոշոր կապիտալի, կապիտալիզմի ազգայնականություն չէ, այն մանրբուրժուական է, ընկերվարական` համայնքա-տոհմային ուժեղ ազդեցությամբ, իսկ առաջարկվող ընտանիքի մոդելը եւ հետեւաբար մարդու կերպը Նախամոդեռն է: Ուստի իրականում արդի հայ ազգայնականությունը նույնիսկ պահպանողական էլ չէ` գործող Մոդեռնի նկատմամբ, այն ռեգրեսիվ է այսօրվա հասարակության հանդեպ: Սա դասական Կոնտրմոդեռն է:

Հասարակության զարգացման մոդելների մոտեցումներով գնահատման դեպքում կարելի է արձանագրել, որ հայ ազգայնականությունը, ճանաչելով արդյունաբերական շրջանը, չի ընդունում արդյունաբերականացման հետեւանքով ձեւավորված հասարակությունը որպես զարգացման մոդել: Հասարակության կառուցվածքի իդեալ պատկերացվում է գյուղական համայնքը, քաղաքը ստորադասվում է գյուղին: Ընտանիքի հարցում երանելի է պատկերացվում ոչ թե մոդեռն, նուկլեար ընտանիքը, այլ ավանդականը` գյուղական բազմասերունդ ընտանիքը մեկ տանիքի տակ, որտեղ ոչ միայն կինը հավասար չէ տղամարդուն, այլեւ տղամարդը չունի ազատություն, ընտանիքի ղեկավարն է մեծ ընտանիքի հայրը` պապը:

Սակայն, եթե Նախամոդեռնի բարոյականությունը հիմնված էր կրոնի վրա, իսկ Մոդեռնը աշխարհիկ է, ապա Կոնտրմոդեռնի բարոյականությունը շեղված է, յուրահատուկ էզոթերիկ, քրիստոնեա-հեթանոսական խառնուրդ է: Այն, մերժելով Մոդեռնի աթեիզմը, հիմնավորում է ընտրախավի ձեւավորման եւ այդ ընտրախավի իշխանության իրավունքը` ելնելով ոչ Նախամոդեռնի կրոնական կամ ազնվականական եւ ոչ էլ Մոդեռնի ընտրական, կրթական կամ այլ ազատ ուղղահայաց շարժունակության սկզբունքներից, այլ հիմք ընդունելով նվիրվածությունը եւ համապատասխանությունը մեկնըդմիշտ տրված մետաֆիզիկական բնույթի գաղափարներին: Այդ բարոյական համակարգը հիմնված է միմիայն գաղափարների լիակատար ինդոկտրինացման` գաղափարական վարդապետության հաստատման վրա կյանքի բոլոր ոլորտներում` անկախ առօրյա կենցաղային, սոցիալական կամ տեխնոլոգիական, տնտեսական նպատակահարմարությունից, որոնք ստորադասվում են` որպես ցածր առարկա (ոչ արժեք կամ ոչ գաղափար):

Կենտրոնական սուբյեկտ հայտարարվում է ազգը, մինչդեռ` համարվում է այն նվիրված խմբավորումը, որը պիտի իրականացնի իշխանության բեռը այլ, ոչ լիարժեքորեն նվիրվածների համար: Իշխանության իրականացումը թույլատրում է ուժի կիրառումը նույնիսկ օրենքից դուրս, քանի որ նվիրյալների խարիզման ավելի բարձր է, քան համընդհանուր օրենքը: Ուստի ազգային միասնության կոչերով ազգը իրականում պառակտվում է իսկականների եւ ոչ իսկականների, իսկ սոցիալական խնդիրները արհամարհվում են «ազգայինների» գերակայության հետեւանքով:

Եթե այդ ամենը համադրենք մեկ այլ ազգայնականության` Մոդեռնի ազգայնականության հետ, որի հիմքը քաղաքացին է եւ Քաղաքը (իր բոլոր արատներով), որը արդյունաբերության գաղափարախոսությունն է եւ հետեւաբար արտաքին ընդարձակ կապերի կողմնակից է եւ նվաճողական, որը ազգը համարում է քաղաքական երեւույթ, ոչ թե էթնիկ, որը հիմնված է քաղաքային տիպի նուկլեար ընտանիքի, կնոջ աշխատանքի իրավունքի եւ համընդհանուր կրթության եւ աթեիզմի վրա, ապա պարզ կդառնա, որ մենք այժմ Հայաստանում գործ ունենք ոչ այնքան ազգայնականության, որքան Կոնտրմոդեռնի հետ, եւ ոչ այնքան պահպանողականության, որքան մինչինդուստրիալ վիճակին վերադառնալու ձգտման, այն է` ռեգրեսի հետ: Իր հերթին, ռեգրեսի հիմքն է երկրի ապաարդյունաբերականացումը եւ ապասոցիալականացումը, ինչի մասին գրել եմ այստեղ:

Գաղափարական առումով անհրաժեշտ է արձանագրել, որ այն պատկերացումները, թե հնարավոր է «ազգային մաքրության» նպատակներից ելնելով սահմանափակել սոցիալական, մարդկային զարգացումը եւ միաժամանակ ապահովել արդյունաբերության, գիտության եւ տեխնիկայի զարգացումը, հիմնված են ոչ այնքան մոլորությունների վրա, որքան ազգայնականների վախի եւ անվստահության վրա. վախի, որ «հյուսիսային ժողովուրդներից վեհագույնին» չի հաջողվի ապահովել զարգացումը, եւ անվստահություն սեփական ժողովրդի հանդեպ, որ նման զարգացման դեպքում էլ նոր հայը չի արժեւորի իր անցյալը, երկիրը եւ պետությունը: Չնայած այսօր արդեն ոչ համարժեք եւ ոչ ակտուալ պետության գինը ավիատոմսի արժեքն է, իսկ օտար եւ օտարված պետության նկատմամբ քաղաքական պարտքի գինը՝ 5000 դրամ: Եվ ոչ մի վարդապետություն, գաղափարականացված համակարգ առանց մարդկանց առօրյա խնդիրների լուծման, իրավունքների ապահովման արժեք չի հաղորդի մի պետության եւ/կամ քաղաքական ուժին, ում համար հասարակ քաղաքացին արժեք չէ:

Կոնտրմոդեռն ազգայնականությունը հետընթացը եւ կոնսերվացումը պատկերացնում է որպես միջոց ոչ թե զարգանալու, այլ գոյությունը պահպանելու ընդդեմ թշնամական աշխարհի, որին ատում է եւ որից վախենում միաժամանակ: Համայնքային, տոհմային մտածողությունը համարում է, որ աշխարհը (համայնքը) զորավոր է եւ թշնամական: ՈՒստի եւ «ազգայնականը» փորձում է ատելությամբ պայքարել դրա դեմ, հայ համայնքային «ազատականը» ցանկանում է կամավոր հանձնվել այդ համայնքին: Եվ երկուսն էլ դատապարտված են:

Մյուս կողմից, հայկական քրեական բիզնեսը շատ հեռու է ինդուստրիալ կոչվելուց ընդհանրապես եւ կապիտալիզմ համարվելուց մասնավորապես: Գոյություն ունեցող քրեապետությունը անկարող է (ցանկության հարցը չեմ քննարկում) ապահովել հայրենի հողում տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային զարգացման բավարար պայմաններ, իսկ ստեղծվածը մրցունակ չէ այլ երկրների համեմատ, բավարար չէ առկա բնակչության քանակի, որակի եւ պահանջների առումով, ինչը հանգեցրել է զանգվածային արտագաղթի եւ մոդեռն մշակութային մակերեւույթի ձեւափոխմանը երկրում:

Առկա հայ պետականության ողորմելի վիճակը եւ տոհմային մտածողության իներցիան առաջացրել է փակվելու, ներամփոփվելու, իր մեջ կաղապարվելու, արգելոց դառնալու, իդեալականացված Գյուղ վերադառնալու ձգտում` օտար Քաղաքից փրկվելու համար: Հասկանալի է, որ նման իրավիճակը լիովին բավարարում է Պոստմոդեռն Քաղաքին, որն իրեն պատկերացնում է իբրեւ գլխամասային գրասենյակ, իսկ աշխարհը` որպես ռեսուրսներ մատակարող հպատակ տարածք:

Այդ Քաղաքը, միեւնույն է, տանելու է Հայաստանից այն, ինչ իրեն անհրաժեշտ է` ուղեղները եւ երիտասարդ ձեռքերը, բնական պաշարները եւ կապիտալը, իսկ այլ ազգերի Գյուղ դառնալու իրավունքը միայն խրախուսվում է:

Այդ իմաստով, հայ արդի ազգայանականությունը` Կոնտրմոդեռնը դաշնակից է օտարի Պոստմոդեռնին, առանց դա գիտակցելու: Քանի որ, մերժելով Պոստմոդեռնը, հայ ազգայնականները մերժում են նաեւ եվրոպական քաղաքակրթությունը, մերժելով խորհրդային անցյալը, մերժում են նաեւ Մոդեռնը:

Ստեղծվել է մի հետաքրքիր շրջան. աշխարհի հետ խոսելու ընդունակությունը հիմնված է ներքին երկխոսության եւ հասարակական համաձայնության վրա, եւ ի վերջո Քաղաքի հետ կարող է խոսել միայն Քաղաքը: Գյուղ-Հայաստանը կարող է միայն հանդիսանալ այլ Քաղաքի կցորդ եւ ռեսուրսային բազա:

Հայկական Կոնտրմոդեռնի հայտարարված նպատակներից է աշխարհին հայի ձայնը լսելի դարձնելը: Սակայն Կոնտրմոդեռնի շրջանակում արդի ազգայնականությունը ուղղակի անընդունակ է խոսել աշխարհի հետ, քանի որ չի ցանկանում սեփական ուրույն տեղով այդ աշխարհի մասը կազմել եւ սեփական Քաղաք ունենալ: Իսկ այդ տեղը առանց եվրոպական մեծ քաղաքակրթության ու մշակույթի եւ արեւելյան արմատների վերագտնելն անհնար է, քանի որ այդ ամենը մեր մշակույթի բնական մասն է, եւ չի կարելի նույնականացնել Պոստմոդեռնը եւ Եվրոպան:

Այլ հարց է, որ եվրոպատյացության արմատը հենց եվրոպական ռասիզմն է, որն այդ միջոցով պայքարում է մրցակիցների դեմ եւ ընդարձակում իր հպատակ` տեխնոլոգիապես, սոցիալապես հետամնաց Գյուղի տարածքը:

Հաջորդ կետը, որը միավորում է մեզանում հայ ազատական Պոստմոդեռնը եւ ազգայնական Կոնտրմոդեռնը` իհարկե հակասովետականությունն է, որպես Խորհրդային Հայաստանի եւ այդ 70 տարիների տոտալ ժխտում: Կարելի է ժխտել սովետականությունը, բայց ոչ Խորհրդային Հայաստանը, քանի որ այդ տարիներին այլ Հայաստան ուղղակի չի եղել: Եւ եթե ժխտվում է, ուրեմն անհրաժեշտ է լինել հետեւողական եւ ժխտել ստալինյան արյունարբու հանցավոր վարչակարգի ծառաներին` Բաղրամյանին, Խանջյանին, Մյասնիկյանին եւ այլոց, անհրաժեշտ է մոռացության տալ թե երբ, ովքեր եւ ինչպես են կառուցել Օպերան եւ Մատենադարանը, Հայաստանի արդյունաբերությունը, կրթական եւ գիտական հաստատությունները: Կստացվի, որ նախորդող 600 տարվա պատմական չգոյությանը կգումարվի եւս 70-ը: Սա շատ լավ հիմք է պատմական չգոյության հաջորդ տարիների ապահովման համար… Մենք հին ժողովուրդ ենք, բայց երիտասարդ ազգ, եւ մշտական «երիտասարդացումը» ուրիշների ձեռքում միջոց է հերթական անգամ արմատից կտրելով` ուղղորդել հայ ժողովրդին:

Հայ հասարակությունը իր ջախջախիչ մեծամասնությամբ ցանկանում է վերագտնել իր երկրի ու ժողովրդի տեղն այս աշխարհում, աշխարհին տալ իր տալիքը եւ ստանալ իր հասանելիքը: Եվ այդ հասարակությունը կաջակցի միայն նրան, ով կարող է ամեն մեկի անունից խոսել աշխարհի հետ եւ վերադարձնել հային իր Պատմությունը:

Հայաստանը վերապրելու միայն մեկ ճանապարհ ունի` որակի, զարգացման ճանապարհը, մրցակիցներից շատ ավելի բարձր արտադրողականության, կրթության, սոցիալական եւ քաղաքական ավելի բարձր շարժունակության ու հասարակության յուրաքանչյուր անդամի հնարավորությունների լիարժեք օգտագործման ճանապարհը:

Ինդուստրիալ շրջանում դեռ հնարավոր էր տեխնոլոգիական զարգացումը ինչ-որ կերպ համադրել ոչ մոդեռն հասարակության հետ, արդի հետինդուստրիալ տնտեսության եւ տեխնոլոգիայի պայմաններում դա անհնար է. տեխնոլագիան պահանջում է սոցիալական բարեփոխումներ, եթե խոսքը գնում է մրցակցության ճանապարհ ելած ազգին: Հայաստանի զարգացման ուղիները եւ երկրորդական` կրկնակի ինդուստրիալիզացման դեպքում, եւ հետինդուստրիալ զարգացման դեպքում պահանջում են Մոդեռն ազգայնականություն, պահպանողականություն եւ ազատականություն: Զուտ սպառող, միայն ռեսուրս արտահանող եւ այդ ռեսուրսի հաշվին քարացած արխայիկ Կոնտրմոդեռն հասարակարգ պահելու համար անհրաժեշտ է ունենալ կամ Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները, կամ այնպիսի ռազմավարական դաշնակից, ինչպիսին Հյուսիսային Կորեայի համար Չինաստանն է, ինչը չի ապահովագրում սովից եւ վստահաբար ապահովում է սկզբնական նպատակների կատարյալ նենգափոխում:

Հայ ժողովուրդը այդ ամենը զգում է գիտակցության եւ ենթագիտակցության մակարդակներով, եւ հետընթացի որեւէ կոչ Կոնտրմոդեռն ազգայնականությունը չի դարձնում ակտուալ եւ ժողովրդական: Այն մնալու է լուսանցքային, ինչպես յուրաքանչյուր հակազարգացման ուղի:

Հայկ Բալանյան

Written by vishap

Հունիսի 1, 2012 at 09:57

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: